Հայտնության գրքի լավատեսական բնույթի մասին

Submitted by admin on Հնգ, 03/22/2018 - 17:28

Հայտնության գիրքը շատերի մեջ խորհրդավորության և վախի զգացումներ է առաջացնում, քանի որ պարունակում է բազմաթիվ դժվարընկալելի պատկերներ և դարձվածներ և ապագայի մասին չարագույժ պատկերներ։ Սակայն Հայտնության գիրքը իր խորհրդավորությամբ հանդերձ Աստվածաշնչի ամենալավատեսական գրքերից մեկն է։

Նախ, հենց առաջին գլխում Հովհաննեսը գրում է. «Երանի նրանց, ովքեր կարդում են այս մարգարեության խոսքերը, և երանի նրան, ով լսում և պահում է այն, որ գրված է նրա մեջ, որովհետև մոտ է ժամանակը» (Հայտ. 1.3)։ Նույն բանը մեկ անգամ ևս կրկնվում է նաև վերջում (Հայտ. 22.7) Այսպիսով, այս գիրքը խիստ անհրաժեշտ է յուրաքանչյուր քրիստոնյայի համար այն աստիճան, որ հեղինակը առանձնահատուկ կերպով երանի է տալիս այն կարդացողներին։ Իսկ հաջորդ նախադասությունը կարծես նշում է այդ պատճառը. այս գիրքը նաև իր մեջ կարևոր պատգամներ է պարունակում և երանի է տալիս այդ պատգամները պահողներին։

Բացի այն բանից, որ Հայտնության գրքի մեջ մեկ անգամ ևս կրկնվում են քրիստոնեական ուսմունքի հիմնական տարրերը, այս գիրքը շատ կարևոր է ևս մեկ առումով. Հայտնության գիրքը այն գիրքն է, որում ամբողջանում է տիեզերքի ողջ պատմությունը, ոչ միայն սկիզբը, ինչպես Ծննդոց գրքում, ոչ միայն Տիրոջ առաջին գալուստը և հոգևոր փրկությունը, այլև մարդկության ողջ երկրային պատմությունը, նրա վախճանը և դրանից էլ այն կողմ՝ հավիտենական փառավոր կյանքը։ Թեև հավիտենական կյանքի, Երկրորդ Գալստյան մասին տեղեկություններ ցրված են ողջ Աստվածաշնչով մեկ և ինքը՝ Հայտնությունը շատ հաճախ հատվածներ ու գաղափարներ է կրկնում այդ գրքերից, սակայն Հայտնության գրքով այդ բոլոր տեղեկությունները ամբողջանում, հավաքվում են որպես մի կուռ ու զարմանահրաշ պատկեր, որն այնքան անհրաժեշտ է քրիստոնյային, որ հեղինակը՝ Հովհաննեսը, երկու անգամ հանդիսավորապես երանի է տալիս կարդացողներին և այդ խոսքերը պահողներին։ Եվ հենց այստեղից էլ պետք է ելնել Հայտնության գիրքը կարդալը։ Այսինքն՝ պետք է պարզենք, թե ի՛նչը պետք է պահենք, որովհետև երանին տրվում է ոչ թե նրանց, ովքեր կարդալով ինչ-ինչ հաշվարկներ են կատարում աշխարհի վերջի մասին, կամ ինչ-ինչ ժամանակակից դեպքեր են համապատասխանեցնում Հայտնության որոշ տողերի հետ, այլ նրանց, ովքեր պահում են այնտեղ գրվածը։ Հարց է առաջանում. այնտեղ գրված ի՞նչը պետք է պահել։ Անշուշտ, պատվիրանները, որովհետև Աստվածաշնչում ամենուրեք երբ խոսքը  ինչ-որ բան պահելու մասին է, նկատի է առնվում Աստծո պատվիրանները։ Հետևապես, այն բոլոր դեպքերի շարանում, որ շարադրված են Հայտնության էջերում, միշտ պետք է տեսնել, թե ի՛նչ պատվիրան է տալիս Աստված հավատացյալներին։ Եվ պատահական չէ, որ հենց Հայտնությունը սկսվում է յոթ եկեղեցիներին տրվող պատվերներով, ինչը կրկին հաստատում է, որ ուշադրությունը պետք է դարձնել հենց այս բանի վրա։

Մյուս կողմից, անշուշտ, Հայտությունը լի է ծածուկ խորհուրդներով, որ հենց այս գրքում ակնարկվում են. «Այստեղ է ահա իմաստությունը. Ով խելք ունի, թող …» (Հայտ. 13.18)  կամ «Այստեղ է ահա, որ պետք է իմաստություն ունեցող միտք ունենալ» (Հայտ. 17.9) կամ «Եվ երբ յոթը որոտները թնդացին, ուզում էի գրել, բայց երկնքից լսեցի մի ձայն, որ ասում էր. ’Ծածկի՛ր, ինչ որ խոսեցին յոթը որոտները և մի՛ գրիր’» (Հայտ. 10.4)։ Նման հրահանգ կա նաև Ավետարաններում, երբ Տերը վերջին ժամանակների մասին խոսելիս ասում է. «ով կարդում է, թող հասկանա» (Մարկ. 13.14)։ Նույնը վերաբերում է նաև Հայտնության Բաբելոն քաղաքին, որի մասին գրված է. «Խորհուրդ՝ մեծ Բաբելոն» (Հայտ. 17.5), ինչը ակնակում է այն մասին, որ այդ քաղաքի ինքնությունը ծածկված է, և կհայտնվի իր ժամանակին միայն։

Այսպիսով, Հայտնության մեջ ունենք միաժամանակ և՛ այս գիրքը կարդալու խրախուսանք-երանիներ, և՛ ցուցումներ այն մասին, որ գրքի բովանդակության որոշ հատվածներ դժվարամատչելի ու ծածուկ են։ Հետևապես պարզ է, որ խոհեմ ընթերցողը պետք է կարողանա հոգեշահ պատգամներն ու մարգարեությունները առանձնացնել ու դրանցով առաջնորդվել, իսկ խրթին խոսքերին վերաբերվել զգուշավորությամբ և խոնարհությամբ, որովհետև ոչ բոլոր մարգարեություններն են տվյալ ժամանակի համար, ինչը հայտնում է Աստված նաև Դանիելին նույն վերջին օրերի մասին խոսելիս. «Գնա, Դանիել, քանի որ փակված և կնքված են խոսքերս մինչև ժամանակի վախճանը» (Դան. 12.9)։

Մյուս սկզբունքը, որով պետք է առաջորդվել, անշուշտ Սուրբ Գրքի խոսքերը հենց իրենով՝ Սուրբ Գրքով մեկնաբանելն է, որը բխում է այն խոսքից, որ Պողոսն է ասում. «Բովանդակ Գիրքը աստվածաշունչ է» այսինքն՝ Աստծո Հոգով գրված։ Հետևապես, եթե Աստվածաշնչի բոլոր գրքերի հեղինակը մեկն է, ապա նրա գրքերից որևէ մեկը մեկնելիս պետք է դիմել Աստվածաշնչի մյուս գրքերին։ Եվ հատկապես վստահելի են այն մեկնաբանություններն ու բացատրությունները, որոնք հաստատվում են Նոր և Հին Կտակարանի այլ համանման մասերով։

Հայտնությունը մեզ ցույց է տալիս, որ չարի ուժերը վերջում ժամանակավոր հաղթանակ են տանելու եկեղեցու նկատմամբ, երբ ասում է «Գազանը պիտի պատերազմի նրանց դեմ, պիտի հաղթի և պիտի սպանի նրանց» (Հայտ. 11.7)։ Սակայն վերջնական հաղթանակը պատկանում է Տիրոջը և Իր միջոցով նաև Իր եկեղեցուն, թեև այդ հաղթանակը գալու է մեծ նեղություններից հետո, այն ժամանակներում, երբ արդեն ոչ մի մարմին գրեթե ընդունակ չէ ապրելու։ Սա հաստատում է Հիսուսի այն խոսքը, որ «առանց Ինձ ոչինչ չեք կարող անել» (Հովհ. 15.5)։ Սա, թերևս ամենակարևոր ուղերձն է, որ տալիս է Հայտնությունը. Ամեն բան անել Տիրոջ անունով և Նրա զորությանը հուսալով։

Վերջին ժամանակների մասին կան մի շարք թեմաներ, որոնք ընդհանուր են Ավետարաններում և Հայտնության գրքում։ Դրանցից մեկը մոլորություններն են։ Տերը Ավետարաններում նշում է, որ վերջին ժամանակներում մեծ մոլորություններ են լինելու, սուտ քրիստոսներ են հայտնվելու, և խստորեն զգուշացնում է դրանց չհետևելու և այդ մոլորությունների պատճառով հավատքը չլքելու. «Ահա ձեզ առաջուց ասացի» (Մատթ. 24.25), սրանով ընդգծելով քրիստոնյաների վերջին ժամանակներում առանձնակի կարևորության անելիքը՝ զգաստ լինել մոլորությունների նկատմամբ, որոնց հիմնական տեսակներն են արդեն այսօր տարածված բազում աղանդները։ Հայտնության գրքում ավելի կոնկրետ նշվում է ամենավերջին 3,5 տարիների ընթացքում ամենագլխավոր մոլորեցուցիչի անձը՝ սուտ մարգարեն։ Շատ կարևոր է մի կետ, որ նշվում է կրկին թե՛ ավետարաններում և թե՛ Հայտնության գրքում, որ այդ մոլորեցուցիչները զորավոր նշաններ են անելու, այօրվա խոսքերով՝ հրաշքներ։ Մեր օրերի մարդիկ, ովքեր քիչ ծանոթություն ունեն հոգևոր հարցերում, կարծում են, թե հրաշքները միարժեք ապացույց են, որ դրանք կատարողը աստվածային ներգործությամբ է անում այդ հրաշքները։ Սակայն Տերը այս հարցում էլ տալիս է հստակ ցուցում. «Պիտի ելնեն և մեծամեծ նշաններ ու զարմանալի գործեր պիտի ցույց տան՝ Աստծո ընտրյալներին անգամ մոլորեցնելու աստիճան, եթե հնար լինի» (Մատթ. 24.25)։ Վերջին օրերում քրիստոնյաները հատկապես ուշադիր պիտի լինեն, որ հավատ չընծայեն այդ հրաշքներին, որովհետև այդ մոլորությունները զորավոր պիտի լինեն, և երբ գրեթե ողջ աշխարհը իր տեղեկատվական հզոր համակարգերի միջոցով մոլորված ու հետևելիս լինի այդ մոլորություններին, երանելի կլինեն նրանք, ովքեր ամուր կկանգնեն իրենց հավատքի մեջ ու չեն գնա այդ մոլորությունների հետևից։ Հայտնության գրքում այդ հավատարիմների հավատքի գործը այլ խոսքերով է նշվում, որը սակայն նույն իմաստն ունի. «նրանք, որ հաղթեցին գազանին, նրա արձանին, նրա անվան թվին և նրա դրոշմին», որով հավաքականորեն նշվում են այդ ժամանակ նեռի մոլորությունները և բռնություննները, թեև այսօր դժվար է կոնկրետ նշել այդ արձանի, անվան թվի, դրոշմի ինչ լինելը, սակայն դա էական է լինելու միայն նեռի օրերում (այսինքն՝ վերջին 3,5 տարիներին) ապրողների համար։ Նեռի մասին բազմաթիվ տեղեկություններ կան Հին և Նոր կտակարանների գրքերում, որոնք թույլ կտան ճանաչելու նրան, երբ հայտնվի։ Այս առումով Նեռի անվան 666 թվի մասին հատվածը, որը տարբեր հաշվարկներով չարչրկվում է զանազան աղանդավորական շրջանակներում, պետք է դիտել ընդամենը միայն որպես այդ տեղեկություններից մեկը, այն էլ այնպիսին, որը պետք է գալու միայն ամենավերջին ժամանակների մարդկանց, ևս մեկ անգամ համոզվելու, որ իրենց ժամանակի անօրենը, որի մասին այդքան ուրիշ տվյալեր կային նաև այլ գրքերում, իրոք Նեռն է։

Մեկ ուրիշ հանգամանք, որ կրկին դիտվում է Ավետարանների և Հայտնության գրքի համատեղ քննարկումով, դա վերջին նեղությունների ժամանակամիջոցի տևողությունն է, որ Ավետարաններում նշվում է որպես կարճ ժամանակ. «եթե այդ օրերը չկարճացվեին, ոչ մի մարմին չէր ազատվի» և ավելացնում, որ այդ օրերը կարճացվելու են Իր ընտրյալների, այսինքն՝ եկեղեցու պատճառով (Մատթ. 24.22)։ Իսկ Հայտնության գրքում ավելի հստակ է նշվում այդ ժամկետը՝ հազար երկու հարյուր վաթսուն օր (Հայտ. 12.6 և 11.3), քառասուներկու ամիս (Հայտ. 13.5 և 11.2), և կրկին, ինչպես Ավետարանում «պետք է, որ սատանան արձակվի մի կարճ ժամանակով» (Հայտ. 20.3)։ Այս թվի հաճախակի կրկնությունը կարելի է ևս մի մխիթարություն դիտել, որով վերջին ժամանակների քրիստոնյաները կարող են համբերել դժվարություններին։ Այս թիվը կա նաև Դանիելի մարգարեության համապատասխան հատվածում, ժամանակ, ժամանակներ և կես ժամանակ (Դան. 12.7)

Մի գեղեցիկ խորհուրդ կա Ավետարանում, որ Հայտնության գրքում իր հետագա զարգացումն է ստանում։ Այդ խորհուրդը ասես ամբողջացնում է մարդկության ողջ պատմությունը՝ հոգևոր հասունացման տեսանկյունից դիտված։ Եվ դա շատ պատշաճ է Աստվածաշնչի վերջին գրքին։ Այդ խորհուրդը արտահայտված է Տիրոջ խոսքում, երբ նա խոսում է աշխարհի վախճանի և իր Գալստյան մասին. «…ազգ ազգի դեմ պիտի ելնի… բայց այս բոլորը երկունքի սկիզբն է» (Մարկ. 13.8)։ Մեկ ուրիշ տեղում իր աշակերտների կրելիք տրտմության և նեղությունների մասին Հիսուս ասում է. «Երբ կինը ծննդաբերում է, նրա համար տրտմություն է, որովհետև նրա ժամը հասած է, բայց երբ մանկանը ծնի, այլևս չի հիշում նեղությունը՝ ուրախության պատճառով, որ աշխարհում մի մարդ ծնվեց» (Հովհ 16.21)։ Հայտնության մեջ մի ուրիշ պատկեր կա՝ արեգակը իր վրա առած և լուսինը իր ոտքերի տակ ունեցող հղի կնոջ պատկերը, որը ճչում էր երկունքի մեջ և բազում ցավերով մոտ էր ծնելու (Հայտն. 12.1-2), որը ըստ հայրերի մեկնաբանության, ներկայացնում է Եկեղեցին։ Ահա այս մի քանի պատկերները միացնելով մենք տեսնում ենք մի համեմատություն. Վերջին ժամանակների նեղությունները (հատկապես 3,5 տարիները) ներկայանում են որպես ողջ մարդկության (ավելի ճիշտ՝ եկեղեցու, որի համար էլ Աստված ստեղծել է ողջ աշխարհը) ծննդյան ցավեր։ Եվ ինչպես որ կինը ստիպված է այդ ցավերը կրել, մինչև զավակը ծնվի, այդպես էլ եկեղեցին պետք է անցնի նեղության ժամանակներով, մինչև իր ազատվելը։ Նույնիսկ թվաբանական տեսակետից այդ համեմատությունը ուշագրավ է և տեղին, թեև, անշուշտ, մենք չենք պնդում դրա վրա՝ որպես վարդապետության. իրոք, եթե ողջ մարդկության պատմությունը դիտենք շուրջ 6000 տարի (Աստվածաշնչի այլ տարբերակների վրա հիմնված այլ հաշվարկներով՝ շուրջ 7000 տարի), ապա այդ ժամկետի հարաբերությունը վերջին 3,5 տարվան կազմում է մոտ 1700-ից 2000։ Իսկ երբ վերցնում ենք կնոջ հղիության ժամանակը 280 օր, որը կազմում է 6720 ժամ, և ծննդաբերման բուն ժամկետը, որի ընթացքում ծննդկանը ցավեր է կրում, համարենք ըստ ընդունված բժշկական տվյալների միջինում 3-4 ժամ[1], ապա հղիության ժամանակի հարաբերությունը երկունքի ժամանակին նույնպես լինում է մոտ 1700։ Հասկանալի է, որ թե՛ մարդու արարումից անցած ժամանակամիջոցը, թե՛ ծննդաբերության տևողությունը շատ հստակ թվեր չեն, սակայն իրենց կարգով լավ համապատասխանում են իրար և վերոհիշյալ թվաբանությունը ուղղակի ևս մի ուշագրավ հանգամանք է, որ այդ նեղությունները համեմատելի են նոր մարդկության ծննդյան հետ կապված դժվարությունների հետ, որից հետո ծնվում, ի հայտ է գալիս նորոգված մարդկությունը, որի մասին մեծագույն հաճույքով ստեպ-ստեպ խոսում է Հովհաննեսը Հայտնության գրքում՝ սկսած եկեղեցիներին տրված խոստումներից, որոնք պարունակում են «Ով ականջ ունի լսելու, թող լսի, ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին» խոսքը, այլ տեղերում (Հայտ. 7.9-17, 14.1-5), մանավանդ սկսած 21-րդ գլխից մինչև վերջ, երբ նկարագրվում է Նոր Երուսաղեմը, հավիտենական կյանքը։ Ուստի, այս համեմատությունը անցկացնելով, ուզում եմ նշել, որ զարմանալի չէ, որ Աստվածաշնչի ամենակարևոր ուղերձը, որն է մարդկության վերջնական փրկությունն ու վերածնունդը, տպված ու կնքված է նաև բնության մեջ, այն էլ մարդու բնության մեջ, և այն էլ այդ վերածննդի հետ խորապես կապված այնպիսի երևույթի հետ, ինչպիսին է մարդու ծնունդը։ Սա ևս մեկ անգամ հաստատում է, որ Աստվածաշնչի հեղինակը և բնության Արարիչը միևնույնն է՝ Սուրբ Երրորդությունը։

 

[1] Իրականում, որոշ տվյալներով ծննդաբերության տևողությունը որոշ դեպքերում կարող է զգալիորեն երկար լինել։ Սակայն այստեղ կրկին հիշենք, որ Տերը խոստացավ կրճատել այդ ժամանակը (Մատթ. 24.22), և լիովին արդարացված կլինի ավելի կարճ տևողությունը հաշվի առնել։