Դավանական հարցերի կարևորությունը

Submitted by admin on Չոր, 03/28/2018 - 22:38

Դավանական հարցերի կարևորությունը հաճախ միևնույն կերպ չի ընկալվում բոլորի կողմից։ Ոմանք դա համարում են ոչ այնքան կարևոր 21-րդ դարում, ուրիշներ, հատկապես այլ ավանդական եկեղեցիների ներկայացուցիչները, ընդհակակառակը, դավանական տարբերությունների դերն այն աստիճան են գերագնահատում, որ առիթ են համարում եկեղեցական հաղորդակցություն չունենալու համար։ Նման կարծիքներ ունեցողները, վկայակոչում են իբր, Հայոց Եկեղեցու «մշակված աստվածաբանական համակարգ չունենալը», աստվածաբանական աշխատությունների բացակայությունը, «ծայրահեղ կամ ոչ ծայրահեղ միաբնակություն (մոնոֆիզիտություն)», իսկ երբեմն էլ, որքան էլ տարօրինակ է, «թաքնված կամ ոչ թաքնված նեստորականությունը»։ Մի խոսքով, նման մարդիկ ցանկանում են աշխարհի ամենահին քրիստոնեական եկեղեցիներից մեկին, որն այդքան զոհողություններ է արել քրիստոնեական հավատի համար, ներկայացնել որպես թերի կամ հերձվածողական։

Բավականաչափ շփման փորձ ունենալով այլ եկեղեցիների նման ներկայացուցիչների հետ, ովքեր արտահայտում են նման մտքեր, կարդալով նրանց գործերը, մեզ համար բավական պարզ են նման կարծիքների պատճառները։ Լավագույն դեպքում դա սկզբնաղբյուրների պարզ անտեղյակությունն է և իրենց կարծիքները ուրիշների աշխատությունների վրա հիմնելը։ Այստեղ պետք է նշել, որ նրանք իրենց նման վերաբերմունքի համար ունեն որոշ արդարացում. իրոք, չնայած այն բանին, որ հայ աստվածաբանների հիմնական աշխատությունները մատչելի են համացանցում, սակայն դրանք հիմնականում գրաբարով են, և մենք ձգտում ենք դրանց հղել մեր Աղբյուրներ բաժնում։ Սակայն, ցավոք, քիչ թվով դավանական գործեր են մատչելի աշխարհաբարով, առավել ևս՝ օտար լեզոււներով։


Իսկ Հայոց Եկեղեցու դավանության հետ քիչ թե շատ խորացված ծանոթությունը ցույց է տալիս, որ իրական պատկերը բոլորովին հակառակն է. Հայ Առաքելական Եկեղեցու աստվածաբանությունը և դավանությունը շատ կուռ է, ամբողջական և հարազատորեն հիմնված է Ավետարանի և մինչքաղկեդոնական շրջանի Ընդհանրական Եկեղեցու սուրբ հայրերի գործերի վրա։ 

Մեր կայքի նպատակներից մեկն է տրամադրել ընդարձակ տեղեկություն Հայոց Եկեղեցու աստվածաբանական համակարգի մասին աշխարհաբարով, ռուսերենով, անգլերենով, իսկ հետագայում՝ հնարավոր է նաև ուրիշ լեզուներով։ Դա նախատեսված է առաջին հերթին հայրենիքում և սփյուռքում բնակվող հայերի համար, ինչպես նաև այն այլազգիների համար, ովքեր հետաքրքրվում են Հայոց Եկեղեցով։

Մենք կձգտենք ներառնել նաև մասնագետների և հոգևորականների աշխատություններ, որպեսզի ցույց տանք քրիստոնեական աստվածաբանության, մասնավորապես դավանության իսկական դերը քրիստոնյայի և եկեղեցու կյանքում՝ առանց ծայրահեղ մոտեցումների։