Հայտնության գրքի Բաբելոնի ինքնության մասին

Submitted by admin on Tue, 10/06/2020 - 18:07

Հովհաննես առաքյալի Հայտնության գիրքը Նոր Կտակարանի ամենախորհրդավոր գիրքն է համարվում՝ այնտեղ առկա բազմաթիվ ծածուկ տեսիլքների և հաճախ վախեցնող պատկերների պատճառով։ Սա շատ հաճախ մարդկանց մեջ անբացատրելի վախ է առաջացնում Հայտնության գրքի, և ընդհանրապես Աստվածաշնչի նկատմամբ։ Սակայն պետք է հիշել, որ որքան էլ տարօրինակ է, Հայտնության գիրքը ամենալավատեսական գրքերից մեկն է, քանի որ այնտեղ երկու անգամ երանի է տրվում այն կարդացողին, ինչը չենք հանդիպում Աստվածաշնչի որևէ այլ գրքում.

«Երանի նրանց, որ կարդում են այս մարգարեության խոսքերը, և երանի նրան, ով լսում և պահում է այն, ինչ գրված է նրա մեջ, որովհետև մոտ է ժամանակը» (Հայտն. 1.3)։ Ինչպես երևում է, այս երանու մեջ մի հետաքրքիր պահ կա. այն ակնարկում է, որ շատերն են կարդալու այս խոսքերը, որովհետև ասում է հոգնակիով՝ նրանց, բայց քչերն են պահելու այն, որովհետև պահողների մասին ասում է եզակիով՝ նրան։ Նույն երանին կրկնում է վերջում. «Երանի նրան, ով պահում է այս մարգարեության խոսքը» (Հայտն. 22.7)։ Սրանով հեղինակը հասկացնել է տալիս, որ այս գիրքը քրիստոնյայի համար շատ կարևոր է։ Իհարկե, գրքում կան նաև զգուշացումներ՝ որ պետք է ունենալ ուշադիր, խորագետ և երկյուղած մոտեցում։ Մասնավորապես յոթ անգամ կրկնվում է. «Ով ականջ ունի, թող լսի , ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին» կամ «Ով խելք ունի, թող հաշվի գազանի թիվը» և այլն։ 

 

Պետք է նշել, որ Հայտնության գրքի կարևորությունը ոչ այնքան այս կամ այն անձի կամ իրադարձության նույնացումն է մեզ ժամանակակից որևէ անձի կամ իրադարձության հետ, այլ այն օգուտը, որ կարող են քրիստոնյաները ստանալ, որպեսզի հասկանան համաշխարհային իրադարձությունների ընդհանուր ընթացքը և չվհատվեն դժվարություններից։ Հենց այս մոտեցումով է, որ ձեռնամուխ ենք եղել այս հոդվածի նյութին, այսինքն՝ եթե որևէ բան իրադարձությունների ընթացքից պարզ է դառնում Սուրբ Գրքի այս կամ այն մարգարեության ինչ-որ հատված, ապա ի՞նչ է դա մեզ, քրիստոնյաներիս, ուսուցում։

Իսկ ընդհանուր ընթացքը բավական պարզ է գծագրված. աշխարհը վաղ թե ուշ գալու է մի վիճակի, որից հետո անխուսափելի է նրա վախճանը, որին հետևելու է Աստծո դատաստանը և Նրա բերած փրկությունը՝ աշխարհի վերափոխմամբ և այդ նոր աշխարհից մեղքի և մեղավորների արտաքսմամբ։ Աշխարհի վախճանին մարդկությունը ինքն է հեռանալու քրիստոնեական հավատից, ինչն էլ թույլ է տալու անօրեն մարդու՝ Նեռի հայտնվելուն, որը կարճ ժամանակով համաշխարհային իշխանություն է ստանալու և հալածելու է քրիստոնյաներին։ Ընդ որում, քանի որ այդ հալածանքները շատ ուժեղ են լինելու, Հայտնության գիրքը քրիստոնյաներին քաջալերելու համար մի քանի անգամ  նշում է, որ հալածանքները կարճ են լինելու, ճշգրիտ 42 ամիս, կամ երեք ու կես տարի։

 

Առանձնակի հարց է 17-18-րդ գլխում նկարագրվող Բաբելոն քաղաքի հարցը։ Առաջին հարցը, որ առաջանում է քրիստոնյայի համար այս քաղաքի մասին, հետևյալն է. արդյո՞ք անհրաժեշտ է, և արդյո՞ք ժամանակն է մտածելու այս քաղաքի ինքնությունը ճշտելու հարցի մասին։ Եվ հետո, ի՞նչ օգուտ կտա դա մեզ։ Եվ եթե գտնենք, որ այո, ժամանակն է, ապա ու՞նենք արդյոք բավականաչափ տվյալներ այս հարցերի լուծումը տալու։ Այս հարցերին պատասխանելուն է նվիրված ներկա հոդվածը։

 

Բաբելոնի ինքնության հարցը բազմաթիվ աստվածաբանական վեճերի առարկա է եղել ու այսօր էլ այդպիսին է։ Եվ հավանաբար, աշխարհը որքան ավելի է մոտենում վախճանաբանական ժամանակներին, այնքան ավելի շատ կլինեն քննարկումները այդ քաղաքի ինքնության մասին։ Միայն թե անհրաժեշտ է, որ Բաբելոնի ինքնության հարցը հեռու մնա պարապ հետաքրքրասիրության ոլորտից։

 

Նշենք, որ բազմաթիվ աստվածաբաններ ասում են, որ Բաբելոնը իրականում  քաղաք չէ, այլ մի սկզբունք, քաղաքական կառուցվածք։ Ինչպես կտեսնենք, շատ քիչ չափով, սակայն այստեղ ճշմարտություն կա։ Սակայն գիրքը հստակ նշում է, որ դա իրական քաղաք է՝ կառուցված յոթ բլուրների վրա և ծովափնյա քաղաք է, քանի որ բավական մանրամասն ու երկար նշվում է նավավարների ողբը, որոնք հարստանում էին այդ քաղաքի հետ առևտուր անելով։

 

Որպեսզի ավելի մոտենանք վերը նշված հարցերի պատասխանին, նկատենք Հայտնության գրքի հեղինակի ինքնությունը և նրա գրած գրքում նշված աշխարհագրությունը։ Հայտնության գրքի հեղինակը՝ Հովհաննես Առաքյալը երեցն էր Եփեսոս քաղաքի, որը գտնվում էր փոքր Ասիայում, այսօրվա Թուրքիայի արևմտյան ափին։ Ավելին, 2-րդ և 3-րդ գլխում բոլոր նշված յոթ եկեղեցիները, նույնպես գտնվում են այդ տեղանքում, Եփեսոսից ոչ հեռու։ Այնուհետև, այս գրքում բացահայտ նշված են ընդամենը ևս մի քանի աշխարհագրական անուն, որոնք քաջ հայտնի են։ Առաջինը, Եփրատ գետն է, երկրորդը Արմագեդոնը, որը Իսրայելում է, և երրորդը՝ երկրային Երուսաղեմ քաղաքը, որը թեև անվամբ չի նշված, սակայն բավական պարզ ասվում է՝ «խորհրդանշանակորեն կոչվում է Սոդոմ և Եգիպտոս, որ և խաչվեց նրանց Տերը» (Հայտն. 11.8)։ Խոսվում է նաև Պատմոս կղզու մասին, որը Հովհաննեսի աքսորավայրն էր և նույնպես շատ մոտ էր Փոքր Ասիային։ Փաստորեն, այն աշխարհագրական անունները, որոնց մատնանշում է առաքյալը, գտնվում են բավական սահմանափակ տարածքում. այսօրվա Թուրքիան, Իսրայելը և մասամբ՝ Սիրիան։ Ուշադրություն դարձնենք նաև այն հանգամանքին, որ Հովհաննես առաքյալը կարծես դիտավորյալ է սահմանափակվում այդ տարածքով, չէ՞ որ իր կենդանության օրոք արդեն կային բազմաթիվ այլ եկեղեցիներ՝ Կորնթոսի, Թեսաղոնիկեի, Կողոսայի, Փիլիպեի, Հռոմի, որոնք նշված են Նոր Կտակարանում և գտնվում են Եվրոպայում։ Սակայն նա քրիստոնեական եկեղեցու հոգևոր խորհուրդները նշելու համար սահմանափակվում է միայն Փոքր Ասիայի եկեղեցիներով, որոնք ամենամեծը չէին քրիստոնեական աշխարհում։

Այս ամենը մեզ հուշում է, որ Բաբելոն քաղաքը նույնպես կարելի է փնտրել այդ տարածքում, և ինչպես եկեղեցիների հարցում, այստեղ նույնպես համաշխարհային իրադարձությունները նկարագրվում են Փոքր Ասիայի պրոյեկցիայից, որտեղ իր քրիստոնեական ծառայության տարածքն էր։ Ընդհանրապես, Հին Կտակարանի մարգարեական գրքերի մոտեցումն էլ նման է՝ նկարագրել իրողությունները ոչ թե համաշխարհային պատմության համատեքստում, այլ տեղային համատեքստում, միայն թե այնտեղ բոլոր իրադարձությունները նկարագրվում են ոչ թե Փոքր Ասիայի, այլ Իսրայելի տեսանկյունից։ Սակայն հատուկ հարց է առաջանում. ինչու՞ առաքյալը ուղիղ չի գրել այդ քաղաքի անունը, այլ խոսում է խորհրդականորեն։ Պատճառները կարող են բազմազան լինել, սակայն մի շարք աստվածաբանների նշած պատճառը, թե իբր, առաքյալը վախենում էր քաղաքական իշխանությունների զայրույթը գրգռելուց, այնքան էլ չի հաստատվում պատմության մեջ առաքյալների քաջարի և ուղիղ վարքի հետ։ Եթե որևէ բան առաքյալները թաքցրել են, ապա դա արել են միայն աստվածային հրամանով, ինչպես օրինակ հենց Հայտնության մեջ. «Եվ երբ յոթը որոտները թնդացին, ուզում էի գրել, բայց մի ձայն լսեցի երկնքից, որ ասում էր. ծածկի՛ր, ինչ որ խոսեցին յոթը որոտները և մի՛ գրիր» (Հայտն. 10.4)։ Բացի դրանից, Հովհաննեսը շատ համարձակ կերպով նշում է Երուսաղեմը՝ որպես անօրեն քաղաք, և չի վախենում հրեաների զայրույթից։ Այստեղից կարելի է եզրակացնել, որ Բաբելոնի պարագայում պատճառը բոլորովին էլ երկյուղը չէր իրենց անձի կամ հոտի համար, այլ դա կարող է լինել առաջինը այն, որ այդ քաղաքը դեռևս գոյություն չուներ, իսկ երկրորդը, ինչպես ասվեց, տվյալ քաղաքի բնակիչների ազատությունը այդ կերպ հենց սկզբից չկաշկանդելու համար։ Եվ քանի որ այն դեռ չկար կամ նշվում էր խորհրդականորեն, ուրեմն առաքյալը հայտնում է այն նշանները, որոնցով կարելի է ճանաչել այդ քաղաքը։ Իսկ դա արդեն դժվար չէ. միակ խոշոր քաղաքը, որը գտնվում է Փոքր Ասիայի տարածքում, խոշոր նավահանգիստ է և կարևորագույն առևտրական հանգույց, այսօրվա Ստամբուլն է։ Ավելին, այդ քաղաքն ունի հսկայական քաղաքական նշանակություն, որովհետև հսկում է համաշխարհային նշանակություն ունեցող Բոսֆորի նեղուցի վրա, որտեղով անցնում են առևտրական և ռազմական նավերը, որոնք Եվրոպայի սևծովյա երկրները կապում են Միջերկրական ծովին, իսկ ցամաքային ճանապարհով՝ Մերձավոր Արևելքի բոլոր երկրներին։

Հայտնության հեղինակը մի նշան ևս հայտնում է քաղաքի մասին՝ կարմրությունը. «և տեսա այդ կնոջը՝ հարբած սրբերի արյունից և բոլոր վկաների արյունից» (Հայտ. 17.6)։ Այստեղից դժվար չէ որոշել կարմիր գազանի ինքնությունը։ Ընդհանրապես, Աստվածաշնչում «գազան» կոչվում են կայսրությունները՝ Ասորական, Հունական, Հռոմեական և այլն։ Այս վերջին գազանը հնարավոր է, որ միայն Թուրքիան չլինի, թեև Թուրքիայի տարածքը նրա զգալի մասն է կազմելու։ Պատահական է, թե ոչ՝ եթե հեռուստացույցով գոնե մի անգամ մարդ դիտի թուրքական մասսայական իրադարձությունները, որ ծովի պես ծածանվող կարմիր դրոշների գույնը և աստղը սպառնալիորեն կուլ տվող մանգաղի նմանվող կիսալուսինը կարող է չարագուշակ զուգորդության տպավորություն թողնել։ 

Հաջորդ նշանն այն է, որ քաղաքը նստած է ջրերի վրա (Հայտն. 17.1), որոնք խորհրդանշում են ազգերը, որոնց տիրում է այն։ Թուրքիան մի մեծ կայսրություն էր, որ տիրում էր Մերձավոր Արևելքի բազմաթիվ ազգերի վրա մինչև 20-րդ դարը, և նույնիսկ 20-րդ դարում զգալիորեն փոքրանալուց հետո էլ մնում է այդպիսին։

Հայտնության մեկնիչներից շատերը Բաբելոնի հետ կապված հարցերում հաճախ շեշտում են, որ այն համաշխարհային, ամենամեծ ազդեցությունն ունեցող քաղաքն է լինելու։ Սակայն շատ հնարավոր է, որ դա այդպես չէ, ավելին գրքի տեքստը խոսում է դրա դեմ։ Որովհետև, ինչպես նշվեց, առաքյալը քրիստոնեական ողջ եկեղեցու վիճակը նկարագրում է ամենևին էլ ոչ ամենամեծ յոթ եկեղեցինների օրինակով, այդպես էլ համաշխարհային քաղաքական իրադարձությունները պարտադիր չէ, որ նկարագրվեն ամենամեծ, միակ գերհզոր քաղաքի օրինակով։ Ուղղակի միանգամայն հնարավոր է, որ խոսքը վերաբերում է նույն Փոքր Ասիայի, Մերձավոր Արևելքի տարածաշրջանի գերքաղաքի մասին, որն ինքնին աշխարհի խոշորագույններից լինելով, ամենախոշորը կարող է չլինել։ 

Նորից անդրադառնանք պոռնիկ քաղաքի՝ սուրբերի արյունով հարբած լինելու հանգամանքին։ 1915 թ. հայկական ջարդերը, որոնք սկսվեցին այդ քաղաքից (Անկարան միայն 1923 թ. պաշտոնապես դարձավ Թուրքիայի մայրաքաղաքը), քրիստոնյա հույների, ասորիների կոտորածները, անգամ մինչև 1915 թվականը քրիստոնյաների բազմաթիվ կոտորածներ բավական են այդ նկարագրությանը «արժանի լինելու»։ Եվ շատ հնարավոր է, որ դա քրիստոնյաների վերջին հալածանքը չէ, այլ ապագայում էլի են լինելու։ Դրան է ակնարկում հինգերորդ կնիքի հատվածը. «և ասվեց նրանց, որ մի փոքր ժամանակ հանգստանան, մինչև որ ամբողջանան իրենց ծառայակիցներն ու իրենց եղբայրները, որոնք շուտով մահվան պիտի ենթարկվեն, ինչպես իրենք» (Հայտն. 6.11)։ 

 

Արդյո՞ք այլ չարագուշակ քաղաքներ չկան աշխարհի վրա, որ ողջ ուշադրությունը դարձվել է Բաբելոնի վրա, որը ըստ իս, Ստամբուլն է։ Պատասխան. իհարկե կան և այդ մասին բավական ուղիղ գրվում է հենց Հայտնության գրքում. «Եվ մեծ քաղաքը երեք մասի բաժանվեց, և ընկան ազգերի քաղաքները. և Աստված հիշեց մեծ Բաբելոնը և դրան տվեց իր սաստիկ բարկության գինու բաժակը» (Հայտն. 16.19)։ Այստեղ հստակորեն նմանություն է նշվում «ազգերի քաղաքների» և Բաբելոնի միջև, և այդ անօրեն քաղաքները նույնպես չեն խուսափելու պատժից։ Եվ եթե այս նախադասությունը դիտենք տվյալ հատվածի հետագա խոսքերի հետ, որոնք վերաբերում են տասը թագավորներին, ապա կարելի է ենթադրել, որ այդ ազգերի քաղաքների մեջ կան նրանք, որոնք պոռնկություն գործեցին Բաբելոնի հետ և նրանց պատիժն էլ ժամանակային իմաստով մոտ է։

 

Բայց այստեղ տեղին է արդեն նշել մի շատ կարևոր հանգամանք, որը վերաբերում է ոչ միայն Բաբելոնի ինքնության հարցին, այլև Աստվածաշնչի բոլոր մարգարեություններին, և ընդհանրապես մարդու ազատության հարցին։ Պետք է ընդունել Աստվածշնչի հիմնարար դրույթներից մեկը, որ Աստված երբեք մարդուն և ազգերին չի զրկում իրենց բախտը ընտրելու ազատությունից։ Եթե մենք նշենք հստակորեն, որ օրինակ՝ այսինչ քաղաքը հաստատ Բաբելոնն է և վերջ, ապա այդ քաղաքի բնակիչներին կզրկենք ապաշխարելու միջոցով այդ տխուր համբավից խուսափելուց, ինչը իրավամբ կարող է դիտվել որպես մարդու ազատության դրույթի հետ հակասություն։ Հենց դրա համար է, որ Սուրբ Գրքի գրեթե բոլոր մարգարեությունները տրված են խորհրդավոր կերպով։ Որքան էլ որևէ ազգ կամ մարդ չար լինի, Աստված նրան մինչև որոշակի պահ (անհատ մարդու դեպքում՝ գրեթե մինչև կյանքի վերջին պահը) թողնում է ապաշխարելու հնարավորություն։ Ուստի, եթե նշում ենք, որ Բաբելոնը ամենայն հավանականությամբայսօրվա Ստամբուլն է, ապա դա իսկապես ունի միայնքիչ թե շատ ավելի հավանական բնույթ, այսինքն՝ այսօր դա միայննշանակում է, որ Ստամբուլը և այդ երկիրը գնում է այդ ուղղությամբ։ Անշուշտ, այն կարող է դարձի գալ և խուսափել դրանից, և այդ դեպքում Բաբելոն կդառնա մեկ ուրիշ քաղաք, որը կցանկանա համաշխարհային կամ գոնե տարածաշրջանային տիրապետություն ստանալ՝ արյան և մեղքերի գնով։ Արդյո՞ք աշխարհում շատ կան քաղաքներ և պետություններ, որոնք պատրաստ են հրաժարվել նման գայթակղիչ տիրապետությունից, անգամ մեղքերի ու արյան մեջ մտնելով հանդերձ։ Արդյո՞ք Ստամբուլը քաջություն կգտնի իր մեջ՝ այդ տխուր «պատվից» հրաժարվելու։ Ապագան, ընդ որում՝ մոտակա ապագան ցույց կտա։ Իսկ առայժմ բոլոր նշանները՝ քրիստոնյաների արյունը թափելու չար սովորությունը, գրաված ազգերի հաշվին շատ բազմազգ լինելը իր ողջ պատմության ընթացքում, ծովերի վրա կարևոր նավահանգիստ լինելը, կարմիր դրոշի նկատմամբ հիվանդագին սերը, մի շարք երկրների՝ Թուրքիայի հետ չափազանց տգեղ փոխադարձ քաղաքականություն վարելու հանգամանքը, բավական հստակ խոսում են ոչ միայն այն մասին, որ Ստամբուլի և Թուրքիայի կողմից Բաբելոնի դերը ստանձնելը շատ հավանական է, այլև այն մասին, որ այդ դեպքում շատ հավանական է մոտ ապագայում Թուրքիայի դերի և հզորության ավելի ուժեղանալը՝ մինչև որոշակի պահը, երբ նրա հետ «պոռնկություն» անող պետությունները կմիավորվեն՝ նրան կործանելու համար։ Դրա զարմանալի նախանշանները այսօր արդեն կան. մի կողմից եվրոպական երկրները, Ռուսաստանը, ԱՄՆ-ը սիրաշահում են Թուրքիային, իսկ մյուս կողմից զանազան կերպերով մտրակում նրան, այդ թվում և Հայկական հարցի միջոցով։ Ընդ որում, արդեն հայկական հարցը դարձել է միջազգային գործոն՝ առանց հայերի ջանքերի և մասնակցության։ Այսօր Ստամբուլը և Թուրքիան դեռ չունեն այդպիսի հզորություն, որը նկարագրված է Հայտնության գրքում։ Մի հանգամանք ևս հուշում է, որ այդ քաղաքը արևելյան քաղաք է. 18։12-ում Բաբելոնում առևտրի առարկա եղող ապրանքների մի զգալի մասը զուտ արևելյան են. խնկի փայտ, կինամոն, ամեն տեսակ խունկ, անուշահոտ յուղ, կնդրուկ, ոսկեթել կերպաս, որդան կարմիր։ 

Չհրաժարվելով վերը նշված քաղաքի ինքնության հավանական լինելու հանգամանքից, այնուամենայնիվ շարունակեմ դատողությունների շարքը՝ ամրակայելով զուտ ներկային վերաբերող հանգամանքները։ Նայենք Բաբելոնին վերաբերող մեկ ուրիշ պատկերի. «նրա հետ պոռնկություն արեցին երկրի թագավորները և նրա պոռնկության գինուց հարբեցին երկրի բնակիչները»։ Եվ կրկին գաղտնատեսի խոսքը հատու է և դիպուկ. պոռնկություն են անում իշխանավորները, սակայն երկրի բնակիչները անմասն չեն մնում, ավելին, հենց նրանք են հարբում այդ գինուց։ Եթե նայենք եվրոպական երկրների բնակիչներին, որոշ երկրներում որքա՜ն խորն է արդեն խառնակումները թուրքերի հետ բառի բուն և հոգեբանական իմաստով, որքա՜ն «քաղաքական կոռեկություն» է ցուցաբերվում՝ իրերը իրենց անունով կոչելու փոխարեն։ Մեզ, հայերիս կարող է թվալ, թե մենք գուցե հեռու պետք է լինեինք դրանից՝ պատմական դառնագույն փորձից ելնելով։ Ավաղ, ոչ. միայն հիշենք, թե որքա՜ն հայ կանայք են ամոթալի արհեստով զբաղվում Թուրքիայում. միայն հիշենք, թե ինչպես են մեր խանութները լցված թուրքական ապրանքներով և հայ վաճառողները ինքնամոռաց հիացմունքով ինչպես են գովում «որակյալ թուրքականը». միայն հիշենք, թե ինչ ոգևորությամբ են մեծից փոքրը վազում հայերեն լեզվով, բայց էությամբ թուրքական երկաժշտական «գոհարները» ունկնդրելու։ Ցավո՜ք, մենք ոչ պակաս ենք հարբած պոռնկության գինուց։ 

Նույնը կարելի է ասել եվրոպական ժողովուրդների և ռուսների մասին, որոնք անբացատրելի սիրով մեկնում են Թուրքիա՝ իրենց գումարները այնտեղ ծախսելու համար, և … ոչ միայն դրա համար։

 

Նայենք մի փոքր ավելի խորը. երբ խոսք է բացվում քաղաքականության մասին, ի՜նչ կիսահիացական-կիսանախանձոտ «իմաստությամբ» են գովում Թուրքիայի «ճկուն» քաղաքականությունը, որով կարողանում է գալարվելով ամեն իրավիճակից անկորուստ դուրս գալ, այսինքն՝ մենք գովում ենք հենց այդ պոռնիկ քաղաքականությունը և անմիջապես անում հաջորդ  «իմաստնագույն» եզրակացությունը. որ քաղաքականությունը պոռնկություն է, ընդ որում անխուսափելիորեն։ Այո, պոռնիկ քաղաքականությունը իրոք պոռնկություն է, սակայն դա չի նշանակում, թե աշխարհում ոչ-պոռնիկ քաղաքականություն չի կարող լինել։ Բայց մեր իմաստունները, ովքեր այդպես թաքուն նախանձով գովում են թուրքական քաղաքականությունը, չեն մտածում, որ իրենց սրտում գովաբանած այդ խոսքը, այդ միտքը վաղ թե ուշ անխուսափելիորեն մարմնավորվում է հենց իրենց կյանքում, երբ սկսում են հենց իրենց հարևանի, իրենց հայրենակցի նկատմամբ վարվել այդ «խելոք պոռնկաբարո» ձևերով։ Ինչպես տեսնում ենք, պոռնկության գինուց հարբելը բոլորովին էլ մակերեսային բան չէ, այլ թափանցում է մարդու վարքի և հոգու խորքերը, եթե մարդը ուշադիր չէ, որ ժամանակին արմատախիլ անի պոռնկության սերմերը։

Հայտնության գրքի հեղինակը, սակայն, տալիս է նաև պոռնկության գինով հարբածների բուժման դեղը. «Ելե՛ք դրա միջից, ժողովուրդ իմ, որպեսզի մասնակից չլինեք դրա մեղքերին և չընդունեք դրա պատուհասները» (18։4)։ Չպետք է կարծել, թե միայն մարմնապես դուրս գալու մասին է խոսքը. այո դա պետք է նրանց համար, ովքեր այդ քաղաքում են, սակայն չէ՞ որ շատերը Բաբելոնից հեռու էլ հարբած են նրա գինով։ Ուստի պետք է դուրս գալ նաև վարքով ու մտքերով ու խոսքերով։